Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Մենք հիմա իրավունք չունենք մեր հողից ոչ մի կտոր կորցնելու»

«Մենք հիմա իրավունք չունենք մեր հողից ոչ մի կտոր կորցնելու»
05.12.2008 | 00:00

«ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՉՈՒՆԻ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ ԼԻԱՐԺԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Մենք նրան ճանաչեցինք և սիրեցինք նախ՝ իբրև Պագանինիի, ապա՝ իբրև հայ բեմի և կինոյի խորհրդանիշներից մեկի: Մեր զրույցը ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ հետ է:
«ՀԻՄԱ ՈՒԺԻ ԴԱՐ ՉԷ, ԽԵԼՔԻ ԴԱՐ Է. ԵԹԵ ՄԱՐԴՆ ԱՆԳԱՄ ԿՌՎՈՒՄ Է, ՊԻՏԻ ԽԵԼՔՈՎ ԿՌՎԻ»

-Պարոն Մսրյան, հայկական շախմատի արքաներին Դուք դիմավորեցիք «Զվարթնոց» օդանավակայանում՝ խանդավառ տրամադրությամբ: Ինչպե՞ս կբնութագրեք այդ օրվա խորհուրդը:
-Այդ օրը ոչ միայն ինձ, այլև ամբողջ հայության համար ցնցող իրադարձություն էր: Վաղուց նման բերկրանք, նման ուրախություն չէինք զգացել: Դա համազգային տոն էր: Թերևս, մեկ էլ այն ժամանակ էինք նման ուրախություն ապրել, երբ Տիգրան Պետրոսյանն էր դարձել աշխարհի չեմպիոն: Հետագայում այդպիսի ցնծության մեջ էինք 1973-ին, երբ «Արարատը» նվաճեց «Կուբոկը» և դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Այս վերջին իրադարձությունը մեզ վերադարձրեց այդ ժամանակների զգացողությունները, չհաշված, իհարկե, մեր երկու հերոսների՝ Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի հաղթանակները: Թեև նրանք ուրիշ երկրի դրոշի տակ են հանդես գալիս, բայց դա կարևոր չէ: Գուցե և կարևոր է: Դա էլ առանձին խոսակցության թեմա է, թե ինչու նրանք մեր դրոշի տակ չեն հանդես գալիս: Մենք պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոց չունենք, բայց կարծում եմ, որ մի քանի տարի հետո արդեն կունենանք մեր ազգային ակումբը, և բոլոր լավագույն մարզիկները հանդես կգան որպես մեր երկրի ներկայացուցիչներ: Իսկ մենք ունենք պոտենցիալ՝ բռնցքամարտում լավագույն արդյունքների հասնելու: Ինչ վերաբերում է շախմատին, ապա դա ազգային խաղ է: Եթե մենք կարողանում ենք 1,5 միլիարդանոց Չինաստանին հաղթել, դառնալ օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, նշանակում է, որ սա պատահական հաջողություն չէ: Մեր ազգի մասին իմացան ամբողջ աշխարհում: Եվ շատ խորհրդանշական էր, որ երիտասարդ Տիգրան Պետրոսյանի արդյունքը եղավ որոշիչ այս հաղթանակի հարցում: Պատահական չէ, որ ծնողները նրան կոչել են մեր մեծ շախմատիստի անունով: Որոշ ժամանակ առաջ ասում էի, որ մենք չունենք մեր ժամանակների հերոսը, որի օրինակով կարողանանք դաստիարակել մեր երեխաներին: Այսօր կարող եմ վստահ ասել, որ ունենք այդ հերոսները: Դրանք մեր շախմատիստներն են: Իմ թոռներին էլ եմ ասել, որ պիտի անպայման շախմատով զբաղվեն: Անգամ կառաջարկեի, որ դպրոցներում շախմատի դասընթաց մտցնեն: Հիմա ուժի դար չէ, խելքի դար է. եթե մարդն անգամ կռվում է, պիտի խելքով կռվի: Եվ այն հանգամանքը, որ մեր պրեզիդենտը նաև շախմատի ֆեդերացիայի պրեզիդենտն է, շատ խոսուն փաստ է: Եթե ամեն մի ոլորտ նման ուշադրության արժանացնեն, մենք շատ շուտ ոտքի կկանգնենք ու առաջընթաց կունենանք:
-Ի՞նչ եք կարծում, այս համազգային ցնծությունը կարո՞ղ է յուրօրինակ թերապիա դառնալ մարտյան մղձավանջը հաղթահարելու համար:
-Իհարկե, կարող է: Դեռ Չարենցն է ասել, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է: Այսօր հավաքական է դարձել ազգը: Այս հաղթանակից հետո սկսեցինք ազգովին հպարտանալ, ազգովին դրանով ապրել: Չնայած ես գիտեմ, որ այն երկիրը, որը չունի ուժեղ ընդդիմություն, չի կարող համարվել լիարժեք պետություն և չի կարող իր ներքին խնդիրները հիմնովին լուծել: Բայց ընդդիմությունը պիտի գործի ի նպաստ մեր հայրենիքի, մեր պետականության:
«ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՄԵԶ ՎՐԱ»
-Ըստ Ձեզ՝ մեր ընդդիմության ուժեղացմանը նպաստո՞ւմ է Հայ ազգային կոնգրեսի ձևավորումը:
-Անշուշտ, մեր ընդդիմությունն իր խոսքն է ուզում ասել: Դա զգաստացնում է մեր կառավարությանը: Եվ եթե մեր ղեկավարներն իրենց խոստումները չկատարեն, այդ դեպքում օպոզիցիան կասի իր խոսքը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոտքի կանգնի հանրապետությունը: Համաշխարհային ճգնաժամն էլ իր գործն է կատարում, չնայած ասում են, թե այն մեզ շրջանցելու է:
-Մի՞թե կարող է այդպես լինել:
-Չէ՛, չի կարող: Այսպես թե այնպես, ճգնաժամը կանդրադառնա մեզ վրա: Ասում են՝ մարտին է դա սպասվում: Առանձնապես լավ վիճակում չենք, քիչ-քիչ ոտքի ենք կանգնում: Չէի ցանկանա, որ նորից հետ գնայինք: Իհարկե, չեմ կարծում, թե մեզ մոտ առաջընթաց չկա: Ես արվեստի մարդ եմ և զգում եմ, որ այսօր արվեստին էլ է ուշադրություն դարձվում: Սերժ Սարգսյանը մեր թատրոնին զգալի գումար է հատկացրել՝ մոտավորապես 10 ներկայացում հովանավորելու նպատակով: Դրամատիկ թատրոնի մասին գրվել է 5 գիրք: Այս վերաբերմունքի մեջ շատ մեծ է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի լուման: Նա մեծ մարդ էր, շատ էր սիրում մեր թատրոնը, շատ էր հաճախում մեր ներկայացումներին ու մեզ հետ փաստորեն ընկերացել էր: Այսուհանդերձ, չեմ կարող չասել, որ մեր աշխատավարձերը շատ ցածր են: Ցածր են նաև գիտնականների աշխատավարձերը:
«ՄԻ՛ ՀԱՍՑՐԵՔ ՆՐԱՆ, ՈՐ ՄԵՐ ՁԱՅՆՆ ՈՒՐԻՇ ԿԵՐՊ ՀՆՉԻ»
-Փոխարենը բարձր են ու առաջիկայում է՛լ ավելի կբարձրանան օրենսդիր, գործադիր և դատական մարմինների աշխատավարձերը:
-Բան չունեմ ասելու նրանց աշխատավարձերի մասին: Դա անում են իբրև թե կոռուպցիան կանխելու համար:
-Իսկ չկա՞ վտանգ, որ դրանից հետո կմեծանա կոռուպցիոն ախորժակը:
-Փորձը ցույց է տալիս, որ աշխարհով մեկ այդ ոլորտում չի վերանում կոռուպցիան: Իսկ դերասանն ստանում է այնպիսի աշխատավարձ, որ չի կարողանում արժանավայել ապրել: Եթե մենք վերադարձել ենք դեպի կապիտալիզմ, ապա ինչո՞ւ հայ դերասանը չի ապրում այնպես, ինչպես կապիտալիստական այլ երկրներում: Այնտեղ դերասանն ամենահարուստ մարդն է: Դերասանը պիտի դուրս գա փողոց գեղեցիկ հագնված, վարի ամենաշքեղ մեքենան, անհասանելի լինի: Ժողովուրդը դերասանին պիտի վերաբերվի որպես էտալոնի: Այնինչ մեզ մոտ այնպիսի մարդիկ են շքեղ մեքենաներ վարում, որ չես հասկանում, թե ով են, ինչ են իրենցից ներկայացնում: Բայց մենք ցածր աշխատավարձերի պատճառով չենք աղմկում, չենք բողոքում, գործադուլներ չենք անում, որովհետև գիտենք, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք մեզանից շատ ավելի վատ են ապրում: Բայց և ուզում եմ ասել. «Բարի՛ եղեք, պարոնա՛յք, այս բաների մասին մտածել, մի՛ հասցրեք նրան, որ մեր ձայնն ուրիշ կերպ հնչի: Եթե մենք համեստ ենք, եթե այն ծանր ժամանակներում աշխատել ենք, ու թատրոնը չի քայքայվել, այսօր կա, ապրում է, մեր շնորհիվ է: Մենք նվիրյալներ ենք»: Այսօր դերասանը գնում, սերիալներում է նկարահանվում, որ հացի խնդիր լուծի: Սերիալներին դեմ չեմ, դրանց նյութին եմ դեմ: Կրիմինալի քարոզ է համատարած: Եվ կրիմինալը մեր երեխաների համար դառնում է սիրելի բան: Սրա մասին պետք է լրջորեն մտածել: Մեր ուսուցիչներն այս հարցում շատ անելիք ունեն: Ի միջի այլոց, ուսուցիչների աշխատավարձերը ևս բավական բարձր են, և լավ է, որ բարձր են, բայց ոչ բոլոր ուսուցիչներն են բավականաչափ կրթված ու գիտակ: Ես չեմ զգում, որ դպրոցը լիարժեք կրթություն է տալիս: Կան ուսուցիչներ, որոնց գիտելիքն աշակերտական մակարդակի է: Տարեց, գրագետ ուսուցիչներին հանեցին աշխատանքից ու բերեցին անփորձ, անգրագետ ջահելներին: Հինգ թոռ ունեմ, բոլորի հետ ես եմ պարապում, դասերը բացատրում: Անգլերենից էլ օգնել չեմ կարող, մասնագետին վարձատրում եմ, որ լրացուցիչ պարապի: Բա դպրո՞ցն ինչ է անում, եթե ամեն բան թողնված է ծնողի վրա:
«ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼ ՈՒ ԱՆԿԱԽ ԷԼ ԱՊՐՈՒՄ Է»
-Երբ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը «մատ էր թափ տալիս» Հայաստանի վրա, սպառնում, որ Հայաստանը կարող է զրկվել Եվրախորհրդարանում ձայնի իրավունքից, որպես հայ մարդ, Հայաստանի քաղաքացի՝ ի՞նչ զգացումներ ունեցաք:
-Ինձ թվում է, որ նման հարցերը մատ թափ տալով չեն լուծվում: Ըստ իս՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ համեմատած՝ ժողովրդավարության վիճակը Հայաստանում ավելի լավ է: Վրաստանի վերջին իրադարձություններն էլ են դա վկայում: Մենք ավելի ճիշտ քաղաքականություն ենք վարում, ավելի ճիշտ ենք մեր հարաբերությունները կառուցում: Նկատի ունեմ թե՛ Թուրքիայի հետ շփումները, թե՛ մայնդորֆյան հռչակագիրը: Իսկ թե Եվրոպան ինչո՞ւ է մեզ վրա մատ թափ տալիս, չգիտեմ, ինքս այդ մատ թափ տալը չեմ զգացել: Բացի այդ, մատ թափ տալու ժամանակներն անցել են, այդպիսի բաները սովետի օրոք էին ընդունված: Այսօր եթե դեմոկրատիա է, դեմոկրատիան ոչ ոքի ոչինչ չի պարտադրում: Մենք անում ենք այնքան, ինչքան կարող ենք և այնքան էլ քիչ չենք անում: Իսկ մարտյան իրադարձությունները, իհարկե, մեզ համար շատ ցավալի ու ողբերգական էին: Մեզ բոլորովին վայել չէր այն, ինչ կատարվեց, և մեղավորներն անպայման պիտի գտնվեն ու պատժվեն: Նման հարցերը պետք է խաղաղ ձևով լուծվեն: Բայց մեզ վրա մատ թափ տալու իրավունք ոչ ոք չունի: Ես կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված: Ղարաբաղի հարցը շատ դժվար հարց է, ու կարծում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը պիտի տա այդ հարցի պատասխանը: Նա պիտի ասի, թե ինքն ինչ է ուզում: Ղարաբաղն ուզում է անկախ ապրել ու անկախ էլ ապրում է: Ես դեմ եմ որևէ տարածք զիջելուն: Մանավանդ` մենք այդ տարածքները չենք գրավել, ազատագրել ենք: Ազատագրված հողերը հետ չեն տրվում: Եթե խոսվում է կոմպրոմիսի մասին, ուրեմն հակառակ կողմը մեզ պիտի ինչ-որ բան զիջի վերցրածի դիմաց: Ի՞նչ պիտի տա: Մենք մեր հողերը ստալինյան քաղաքականության պատճառով կորցրել էինք, հիմա հետ ենք բերում: Էլ չենք խոսում Նախիջևանի մասին, որն այդպես էլ մեր ձեռքից գնաց: Մենք հիմա իրավունք չունենք մեր հողից ոչ մի կտոր կորցնելու:
«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ ՊԵՏՔ Է, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱԼԱՆՍԻ ՄԵՋ ՊԱՀԵԼ»
-Մեր ներքաղաքական դաշտում երրորդ ուժի գործառույթն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Ես այնքան էլ չեմ խորանում քաղաքականության մեջ, որովհետև դա իմ ոլորտը չէ: Ըստ երևույթին, երրորդ ուժը պետք է, որ կարողանա երկու բևեռները՝ իշխանությունն ու ընդդիմությունը, բալանսի մեջ պահել: Բայց այդ ուժը պիտի լինի շատ արդարացի: Ես կուզենայի, որ այդ ուժն ընդհանրապես կախում չունենար ոչ մի կողմից, լիներ շատ օբյեկտիվ: Դեռ մեզանում այդ ուժը չկա, բայց դրա գոյության անհրաժեշտությունը կա:
-ՀՀ նախագահը բոլոր կուսակցություններին հրավիրեց Մարզահամերգային համալիր՝ ղարաբաղյան հիմնախնդիրը համատեղ քննարկելու, Հայ ազգային կոնգրեսը հրաժարվեց մասնակցելուց: Սա ճի՞շտ քայլ եք համարում ՀԱԿ-ի կողմից:
-Միայն այնքանը կասեմ, որ նախագահի հրավերը շատ ճիշտ քայլ էր: Ես նրան հարգում եմ, որովհետև լսելու հատկություն ունի: Եվ, փառք Աստծո, որ ունի, դա լավ հատկություն է: Լսում է բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ կարծիք են հայտնում: Շատ-շատ ղեկավարներ չեն սիրում լսել:
«ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ ԿԻՆՈՅՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵՌ ՈՉ ՈՔ ԻՆՁ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ»
-Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը պարտավորեցնո՞ղ է:

-ՀՀ ժողովրդական արտիստ եմ, ունեմ մասնագիտական բազմաթիվ պարգևներ ու կոչումներ, սակայն չափազանց հպարտ եմ, որ վերջերս ինձ շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Դա մեծ կոչում է: ՈՒղղակի քիթս բարձր ման եմ գալիս, որովհետև այդ կոչումն ինձ շնորհել են ոչ թե որպես մասնագետի, այլ մարդու: Հայրս միշտ ասում էր. «Աշխատի՛ր, տղա՛ս, սովորի՛ր, որ մարդ դառնաս»: Ես էլ մի անգամ ասացի. «Եթե ոչ մի բան չկարողանամ դառնալ, դերասան հո՞ կդառնամ»: Սկզբնական շրջանում լավ չէի սովորում, նույնիսկ երկու տարի մնացել եմ առաջին դասարանում: Դժվար երեխա էի: Բայց ծնողներիս օրինակն ինձ շատ բան տվեց: Նրանք շատ էին կարդում, ես էլ, տեսնելով դա, սկսեցի ինքս կարդալ: Հետո էլ իմ օրինակին հետևեցին երեխաներս:
-Ձեր ստեղծագործական կյանքում ինչպիսի՞ նորություններ են ուրվագծվում:
-Յուրաքանչյուր մարդ պիտի աշխատի իր գործը կատարել: Կարծում եմ՝ դեռ ունեմ անելիքներ թատրոնում: Եվ լավ է, որ այդպես են մտածում նաև իմ ղեկավարները: Պատրաստվում ենք բեմադրել Լևոն Մութաֆյանի պիեսը, որում պիտի խաղամ ինքս ինձ, ներկայացնեմ իմ ապրած-չապրած տարիների կյանքը, խաղացած-չխաղացած դերերը: Արմեն Խանդիկյանը համահեղինակ է: Ե՛վ հումոր կա ներկայացման մեջ, և՛ հուզմունք կա: ՈՒզում ենք, որ հետաքրքիր գործ լինի: Երևի Աստծո կամքով ներկայացումը պատրաստ կլինի գարնանը: Շատ եմ ուզում նկարահանվել կինոյում, բայց դեռ ոչ ոք ինձ լավ բան չի ներկայացրել, չի առաջարկել: Եթե հետաքրքիր բան լինի, հաճույքով կաշխատեմ: Էժանագին բաների չեմ խառնվի երբեք: Պիտի լավ նյութ լինի, լավ սցենար լինի, լավ ռեժիսոր լինի, լավ պարտնյորներ լինեն, որ համաձայնեմ նկարահանվել: Իսկ հենց այնպես գնալ ու ինչ-որ բան անելն ինձ վայել չէ:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3646

Մեկնաբանություններ